Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Վարդգես Գասպարիի «բանտային օրագիրը»

Վարդգես Գասպարիի «բանտային օրագիրը»
20.11.2013 | 17:44

Նախկին քաղբանտարկյալ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ոչ միայն իր տարաբնույթ ակցիաներով է փորձում հանրության ուշադրությունը հրավիրել մարդու իրավունքների ոտնահարումների վրա, այլև՝ ժամանակ առ ժամանակ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով հարցեր է ուղղում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներին, որոնց ինքը տվել է իր քվեն անցյալ տարի կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ:

Վարդգես Գասպարին ազատության մեջ հայտնվելուց հետո տարբեր առիթներով բարձրաձայնել է այն մթնոլորտի, մարդու իրավունքների խախտումների, հարաբերությունների մասին, որոնք տիրում են ազատազրկման վայրերում:

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ակցիա նախաձեռնած Շանթ Հարությունյանին դատարանի կայացրած որոշմամբ պետք է ենթարկեն դատահոգեբուժական փորձաքննության:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին քաղաքական հայացքների համար կալանավորել էին նաև Մարտի 1-ից հետո, իսկ մեկ տարի անց նրան խորհրդային ԿԳԲ-ական մեթոդներով տեղափոխել էին հոգեբուժարան, հետո՝ ազատ արձակել:

irates.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին նշեց, որ ազատազրկման վայրերում շարունակում են կոպտորեն խախտվել մարդու իրավունքները: Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանին, ապա Վարդգես Գասպարին կարծում է, որ փորձում են հոգեբուժական մեթոդներով միջամտել նրա կյանքին:

«Դա բռնության տեսակ է: Մարդուն, իր կամքից անկախ, պահում են ազատազրկման վայրում, ենթարկում են հոգեկան, ֆիզիկական բռնությունների և այլն: Ես ուզում եմ ԱԺ պատգամավորների ուշադրությունը հրավիրել այս հանգամանքի վրա, որպեսզի նրանք հետամուտ լինեն: Դա թիվ մեկ խնդիրն է»,-ասաց Վարդգես Գասպարին:

Պարոն Գասպարին հիշեց, որ 2009թ. իրեն էլ, երբ բերման են ենթարկել, փորձել են ներկայացնել որպես հոգեկան խանգարում ունեցող մարդու: Բերման ենթարկելուց հետո, ըստ մեր զրուցակցի, ոստիկանները բացատրություն են գրել, որ ինքը անկանոն շարժումներ է անում, փորձում է իր վրա սևեռել անցորդների ուշադրությունը: Նրա դիտարկմամբ՝ հոգեբուժարան տանելով առողջ մարդուն կարող են ենթարկել հոգեկան խանգարման:

«Ես իմ բանտային օրագրերում նկարագրել եմ, թե ինչպես հանցագործները կալանավայրում կարող են նորմալ մարդուն միտումնավոր հասցնել խելագարության աստիճանի, որպեսզի նա ենթարկվի քրեական հեղինակություններին»,- հիշում է Վարդգես Գասպարին: Ըստ մեր զրուցակցի՝ դա մի համակարգ է, որը ղեկավարում են իշխանությունները:

Մշտապես զգոն և քաղաքացիական շարժումների կիզակետում գտնվող Վարդգես Գասպարին եկել է այն համոզման, որ իշխանություններն իրենց պահում են վերին աստիճանի ցինիկ, իրենց դուրս են դնում օրենքից:

«Իսկ իմ ընտրած ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ոչ ադեկվատ վերաբերմունքը ես համարում եմ անթույլատրելի: Ես ամեն կերպ ուզում եմ հիշեցնել, որ իրենք ընտրվել են ժողովրդի քվեով և ունեն պարտավորություններ»,- ասաց մեր զրուցակիցը: Նա խոստանում է լինել ավելի հետևողական, քանի որ վստահ է՝ քաղաքացիական հասարակությունն իր ջանքերի շնորհիվ փորձում է հասնել փոփոխությունների, սակայն միայն այդ ջանքերը բավարար չեն:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ